Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել
Քաղաքական
20:53 21/04/2022
Հայաստան

Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել

Ազատության հրապարակ մտան զոհված զինծառայողների ծնողները և հայտարարեցին, որ ցանկանում են վրան տեղադրել և միանալ հացադուլ հայտարարած զինծառայողներին և ընդհանուր ակցիային:

Նրանց անմիջապես մոտեցան ոստիկանության կարմիրբերետավորները և արգելեցին տեղադրել վրանը: Ծնողները պնդեցին, որ վրանը բոլոր դեպքերում տեղադրվելու է:

Դրանից հետո ոստիկանները հեռացան՝ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու համար: 

«Ոստիկանները տեսնում են, որ շարժումն ամեն օրր, ամեն ժամ թափ է հավաքում և իրենք ուզում են այն կասեցնել, բայց դա հնարավոր չէ, քանի որ, ակցիան կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, կա մեկ նպատակ՝ պայքար հանուն հայրենիքի, ուրիշ այլ բան չկա»,-լրագրողի խնդրանքին ի պատասխան պարզաբանում ներկայացրեց բողոքի ակցիայի նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Ծնողները 5 րոպե սպասելուց հետո բացեցին վրանները, բայց ոստիկանները պահանջեցին փակել այն: Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբ ծնողները ոստիանների հետ բանակցելուց հետո որոշեն բացել, այն ժամանակ էլ վրանը կբացվի:

«Քանի որ նախաձեռնությունը ծնողներինն է, ինչպես իրենք որոշեն, այդպես էլ կանենք: Ցանկացած որոշման դեպքում ծնողների կողքին ենք»,-հայտարարեց Վանեցյանը:

Ծնողներից մեկը հայտնեց, որ ոստիկանները մեկ ժամ են խնդրել պատասխան տալու համար: Զոհված զինծառայողի հայրը հայտնեց, որ առանց վրան էլ կկանգնեն, խնդիր չունեն և ընդհանրապես առանց տուն էլ կապրեին, միայն իրենց որդիներն իրենց կողքին լիներ:
 

Placeholder
Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել