ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանի օգնությունն ավելացնելու օրինագծին
Քաղաքական
10:04 28/04/2022
Տարածաշրջան

ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանի օգնությունն ավելացնելու օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ավելացնել Վրաստանին օգնությունը, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում «մարդու իրավունքների խախտումներում»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հեռարձակումն իրականացվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախագծին կողմ է քվեարկել 406 մարդ, դեմ՝ 20։ Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Սենատ՝ քննարկման։

«Կոնգրեսը կարծում է, որ պետք է ավելացվի ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանին։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը պետք է լինի Վրաստանի ճկունության, զսպման և ինքնապաշտպանության կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ զինված ուժերի ներուժի մեծացմանն ուղղված համապատասխան աջակցության միջոցով»,-ասվում է փաստաթղթում։ Օրինագիծը ենթադրում է, որ Վրաստանի կարիքների անհրաժեշտ վերանայումը կիրականացվի ԱՄՆ պետքարտուղարի կողմից՝ դրանց մասին օրենսդիրներին զեկուցելու նպատակով։

Բացի այդ, նախագիծը նախատեսում է, որ ամերիկյան դիվանագիտության ոլորտի ղեկավարը պետք է քայլեր ձեռնարկի Թբիլիսիին կիբեր սպառնալիքների դեմ պայքարում աջակցելու համար։ «ԱՄՆ քաղաքականությունը նաև պետք է ուղղված լինի Վրաստանի կարողությունների ուժեղացմանը՝ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվության և քարոզչական արշավների դեմ գործընթացներում, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների խարխլմանը»,-գրված է տեքստում։

 

Placeholder
ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանի օգնությունն ավելացնելու օրինագծին