Մայիսի 18-ին բոլոր այցելուների համար թանգարաններն անվճար կլինեն
Մշակույթ
12:57 17/05/2022
Հայաստան

Մայիսի 18-ին բոլոր այցելուների համար թանգարաններն անվճար կլինեն

Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրն է, իսկ մայիսի 21-ին կնշվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը։ 

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:

Placeholder
Մայիսի 18-ին բոլոր այցելուների համար թանգարաններն անվճար կլինեն