Կապկի ծաղիկի բռնկումը համաճարակի չի վերածվի. փորձագետ
Աշխարհում
08:05 24/05/2022
Աշխարհ

Կապկի ծաղիկի բռնկումը համաճարակի չի վերածվի. փորձագետ

Եվրոպայում ներկայում նկատվող կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը մոտ ապագայում կմարվի և չի կարող համաճարակի վերածվել։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Ի.Ի.Մեխնիկովի անվան պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը։

«Որևէ համաճարակի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Այն (կապիկի ծաղիկը) շատ ավելի մեղմ հիվանդություն է առաջացնում, քան բնական ծաղկի վիրուսը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կպարզեն և կմարի այս բռնկումը»,- ասել է նա։

Փորձագետի խոսքով՝ այս վիրուսն ի սկզբանե հայտնաբերվել է սկյուռիկների մոտ, որոնք վարակել են կապիկներին, իսկ հետո մարդիկ վարակվել են կապիկներից։

Նա նաև ենթադրել է, որ վիրուսը կարող էր արտահոսել լաբորատորիայից: «Կամ սա լաբորատոր վարակ է, կամ ինչ-որ մեկը Աֆրիկայից էկզոտիկ կենդանի է բերել և վարակվել է մարդկանց մի խումբ և հետո տարածվել է մի քանի երկրներ»,- հավելել է փորձագետը։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

Նշենք, որ վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:
 

Placeholder
Կապկի ծաղիկի բռնկումը համաճարակի չի վերածվի. փորձագետ