Արձանագրվել է մեծ քանակի կանխիկ գումարով կրիպտոակտիվի ձեռքբերում. Ռուստամ Բադասյան
Տնտեսություն
15:30 01/06/2022
Հայաստան

Արձանագրվել է մեծ քանակի կանխիկ գումարով կրիպտոակտիվի ձեռքբերում. Ռուստամ Բադասյան

«Ունեցել ենք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որտեղ  արձանագրվել է մեծ քանակի կանխիկ գումարով կրիպտոակտիվի ձեռքբերում և դրա փոխանցում էլեկտրոնային դրամապանակի վրա կամ կրիպտոհաշիվների բացում, բայց այդ գործողութունները չեն ունեցել որևէ արդյունք նաև այն պատճառով, որ  կարգավորված չէ, թե կրիպտոարժույթն ինչ է և ինչ իրավական կարգավիճակ ունի»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց  ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հայտարարելով, որ աշխարհը գնացել է կրիպտոարժույթի օգտագործման կարգավորման ճանապարհով՝ ՊԵԿ Նախագահը տեղեկացրեց, որ իր գերատեսչությունը բազմիցս խնդրել է ԿԲ-ին այդ ոլորտը պարտադիր կարգով կարգավորել, քանի որ կարգավորման բացակայությունը բազմաթիվ ստվերային գործարքների հնարավորություն է ստեղծում։

«Առավել ևս, որ բարդ թեմա և բարդ հսկողական միջոցառումներ է ենթադրում, բայց  չկարգավորելն էլ ավելի բարդ խնդիրներ է առաջացնում»,-ասաց Բադասյանը:

Նա նկատեց, որ միջազգային պարտավորությունների շրջանակներում Հայաստանը պարտավոր է բանկային գաղտնիք տրամադրել երկրի սահմանից դուրս և հայտարարեց, որ ՊԵԿ-ն էլ պետք է բանկային գաղտնիքի որոշակի հասանելիություն ստանա:

Ըստ  Բադասյանի՝ բանկային գաղտնիքը հարկային մարմնին հասանելի չէ հարկային վարչարարության գործիքակազմի տեսանկյունից, բայց այլ երկրներում այդպես չէ՝ հիմնականում այդ տվյալները հասանելի են:

«Այս հարցում մենք ապավինում ենք Կենտրոնական բանկին։ Մենք չենք ուզում ԿԲ-ի հետ չհամաձայնեցված ինչ-որ կարգավորում առաջարկել, քանի որ այն բավականին նուրբ ոլորտ է»,-ասաց ՊԵԿ ղեկավարը:

Placeholder
Արձանագրվել է մեծ քանակի կանխիկ գումարով կրիպտոակտիվի ձեռքբերում. Ռուստամ Բադասյան