Հայաստանում ունեցած 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է. Վահան Քերոբյան
Տնտեսություն
13:48 01/06/2022
Հայաստան

Հայաստանում ունեցած 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է. Վահան Քերոբյան

ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրող-Գնաճ կա և՝ անզեն աչքով բավականին տեսանելի, բայց բնակչության եկամուտները չեն ավելանում, այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում այն տնտեսական արդյունքների ապահովումը, որը նախանշել էիք տարեսկզբին:

Վ. Քերոբյան-Անզեն աչքով պետք է նայել ոչ միայն Հայաստանի գանճին, այլ՝ ամբողջ աշխարհի: Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 %-ից ավել, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին և այդ ներկապնակում, կամ լանդշաֆտում ունենալ 8.5% գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8.5 % է, այն ֆանտաստիկ լավ արդյունք է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք երջանիկ ենք այդ արդյունքով, բնականաբար, մեր ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի այն տնտեսական արդյունքները, որոնք մենք ունենք, իսկ դրանք՝ գիտեք թե ինչ բարձր են՝ 9.4 % տնտեսական ակտիվություն ունենք առաջին 4 ամիսների ընթացքում, բաշխվեն հասարակությանը:

Լրագրող-Բնակչությունն այդ աճը չի զգում իր մաշկի վրա:

Վ. Քերոբյան-Չէ, գնացեք ցանկացած բիզնեսմենի հարցրեք, ձեր խանութի մենեջերին հարցրեք, թե իրենց առևտուրն ինչպիսի՞ն է, և ձեզ կասեն, որ իրենց առևտուրը 30-40 %-ով աճել է: Հիմա դուք ուզում եք ասել, որ Վիճակագրական կոմիտեն սխալ տվյալներ է տվել:

Լրագրող-Ուզում եմ ասել, որ մենք վատ ենք ապրում՝ անկախ տնտեսական աճից: Բնակչության հաշվին է առևտուրն աճել:

Վ. Քերոբյան-Կառավարության աշխատանքն ուղղված է նրան, որ այն տնտեսական արդյունքը, որը գոյանում է երկրում՝ բարձր տնտեսական արդյունքը, բաշխվի մարդկանց միջև այնպես, որպեսզի բոլորը զգան: Իհարկե, այն հնարավոր չէ մի քայլով անել, քանի որ կառավարությունը նոր ծախս ստանձնելիս, պարտավորվում է այն կրել ընդմիշտ: Մենք չենք կարող ասել՝ թոշակները բարձացնում ենք, հետո՝ իջեցնում: Այդ առումով կառավարությունը շատ խոհեմ և զգույշ է իր ընթացիկ օպերացիոն ծախսերն ավելացնելիս, բայց պետք է տեսնեք, որ տարեցտարի ընթացիկ ծախսերը կտրուկ ավելանում են և, օրինակ, կարող է 300 մլրդ դրամ ավելանա և այն ուղղվի հենց սոցիալական խնդիրների լուծմանը:

Լրագրող-Վիճելի բաներ եք ասում:
 

Panorama.am-ին մնում է միայն Էկոնոմիկայի նախարարին հորդորել՝ Հայաստանի և ԱՄՆ-ի գնաճը համեմատելիս, համեմատել նաև այդ երկու երկրների քաղաքացիների եկամուտների չափը:

Placeholder
Հայաստանում ունեցած 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է. Վահան Քերոբյան