Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է
Իրավունք
13:27 06/06/2022
Հայաստան

Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի  և մյուսների գործն արդեն դատարանում է։ Այն մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

Դատալեքսից տեղեկանում ենք. «Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։

Սուրեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 26-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Արևհատ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն, չարաշահելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն»:

Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, մյուս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն ավելի վաղ  հայտարարություն էին տարածել, որում ասվում էր մասնավորապես. «Իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ»։

Placeholder
Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է