Մշակող արտադրությունից և ՏՏ ոլորտից դրամի արժևորման հետ կապված ունենք բազմաթիվ անհանգստություններ. Վահան Քերոբյան
Տնտեսություն
15:16 09/06/2022
Հայաստան

Մշակող արտադրությունից և ՏՏ ոլորտից դրամի արժևորման հետ կապված ունենք բազմաթիվ անհանգստություններ. Վահան Քերոբյան

«Տնտեսվարողների որոշ սեկտորների՝ հատկապես արտահանողների մոտ կա մտահոգություն կապված դոլարի արժեզրկման հետ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միևնույն ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի դրամական փոխանցումները դրական են, այսինքը՝ երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկողները, ինչը լավ նորություն է և երկար տարիների ընթացքում առաջին անգամ է արձանագրվում:

«Այս իրավիճակում Կենտրոնական բանկը պետք է կարողանա կիրառել նոր գործիքակազմ, մենք նաև հասկանում ենք նրանց մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց այդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարևոր ճյուղերին որևիցե վտանգ չսպառնա»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ այսօր դրամն ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ-ռուբլի զույգը կայուն վիճակում է գտնվում:

Նրա խոսքով՝ գործադիր-ԿԲ առողջ երկխոսությունը շարունակվում է, բայց ԿԲ-ն անկախ մարմին է:

Էկոնոմիկայի նախարարը սակայան շեշտեց, որ մշակող արտադրությունից և ՏՏ ոլորտից դրամի արժևորման հետ կապված ունեն բազմաթիվ անհանգստություններ, քանի որ այն բացասաբար է անդրադառնում արտահանման վրա:


Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են իրականացվում արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու համար:

«Հիմա Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ պետք է կարողանա շատ ավելի լայն աշխարհագրություն ծածկել տարբեր տիպի ապրանքների հետ կապված: Մենք մեծ տրանսպորտային ծրագիր ունենք մեր նախարարությունում և աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա: Այսօր Հայաստանը ՀԲ-ի Logistics Performance Index-ով գտնվում է շատ վատ տեղում, և մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանի կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա, և որը թույլ կտա, որ մեր մշակող արդյունաբերությունն ավելի մրցունակ դառնա»,-ասաց Վահան Քերոբյանը:
 

Placeholder
Մշակող արտադրությունից և ՏՏ ոլորտից դրամի արժևորման հետ կապված ունենք բազմաթիվ անհանգստություններ. Վահան Քերոբյան