Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո դիրիժոր Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան
Մշակույթ
13:23 13/06/2022
Հայաստան

Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո դիրիժոր Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան

Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը: Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում` հունիսի 17-ին, ժամը՝ 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Գյումրիում` հունիսի 18-ին, ժամը՝ 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը կիսում է երաժշտության հանդեպ իր սերը հանդիսատեսի հետ: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել է բազմակողմանի մասնագիտական կենսագրություն նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Ունջյանը պատկանում է մեր ժամանակների կարևորագույն դիրիժորների դասին:

Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, ում յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, ներկայումս՝ Պատվավոր դիրրիժորը, Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:

Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան և կրկին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը»,- նշում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։
 

Placeholder
Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո դիրիժոր Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան