ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. Մարտին Գալստյան
Տնտեսություն
13:40 15/06/2022
Հայաստան

ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. Մարտին Գալստյան

«Հայաստանից Եվրոպա արտահանելու դեպքում շատ կարևոր է դիտարկել, որ եվրոպական արժույթը մոտ 20 %-ով արժեզրկվել է ոչ միայն ՀՀ դրամի, այլ նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ»,-ԱԺ-ում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ի՞նչ պետք է անել դրամի արժևորումից տուժած արտահանողների մի մասին օգնելու համար:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում և բացատրեց, որ ոչ միայն նոմինալ փոխարժեքների պատճառով են արժեզրկված, այլ նաև ՌԴ-ում գնաճն ավելի բարձր  լինելու հետևանքով:

Նրա խոսքով՝ այն ՀՀ ընկերությունները, որոնք  ՌԴ են արտահանում և պայմանագրերը կնքված են ռուսական ռուբլով, ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, քանի որ ՀՀ դրամն ավելի թույլ է քան ռուբլին:

«Ուստի սխալ է փոխարժեքով պայմանավորել բոլոր տնտեսական երևույթները»,-հայտարարեց ԿԲ նախագահը՝ գնահատելով դրամի արժևորման հետ արտահանման վնասները միանշանակ կապելու մասին կարծիքները: 

Մարտին Գալստյանը հայտնեց, որ անթուլատրելի է ՀՀ դրամն արհեստականորեն արժեզրկելը, իսկ արտահանման այն սեկտորներին, որոնք տուժում են դոլարի արժեզրկումից, կառավարությունը պետք է օժանդակություն ցուցաբերի առանձին ծրագրերով:

Placeholder
ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. Մարտին Գալստյան