Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը
Տնտեսություն
12:08 17/06/2022
Հայաստան

Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը

«Դրամի արժևորումը լավ է սպառողների համար»-,նման կարծիք է հայտնել  ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը 5-րդ ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա  խոսել է դրամի արժևորումից, դրա հետևանքներից ու անելիքներից, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել  հիմնական թեզերը.

«Թեզերը որոնք հնչեցվել են հետևյալն են․

- Փոխարժեքի արժևորումը լավ է թե վատ պետք է նայել թե ում տեսանկյունից․ Սպառողների համար լավ է քանի որ զսպում է արտաքին աշխարհից ներթափանցող գնաճը ներմուծման  գների վրա ազդելու միջոցով։ Տնտեսվարողների համար, նորից պետք է հարցնել, որ տնտեսվարողին ի նկատի ունենք․
Արտահանելի հատվածում զբաղվածների համար վատ է, քանի որ էապես կրճատվում են վերջիններիս եկամուտները՝ դրամային ծախսերի աճի ֆոնին։
Ոչ արտահանելի հատվածի և ներմուծողների համար լավ է․ Կրճատվում են դրանց դոլարային ծախսերը, իսկ վերջիններիս իրացումները դրամային են, շահում են։

- Արտահանելի հատվածի շուրջ 30%-ն է գտնվում շահեկան վիճակում, ովքեր իրացում ունեն դեպի Ռուսաստան, ՌԴ ռուբլու նկատմամբ դրամի արժևորում չկա։

- Փոխարժեքն արժևորվում է ոչ մեր ներքին տնտեսության ներուժի զգալի աճի հաշվին, այլ արտածին գործոնների հաշվին․  1․ արտաքին առևտրի կառուցվածքում տեղափոխում դոլարից ՌԴ ռուբլու և դոլարային ավելցուկի գոյացում ներքին շուկայում 2․ ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետևանքով մեր երկիր այցելուների թվաքանակի աճ (2.7 անգամ) 3․ արտաքին տրանսֆերտների աճ

- Եթե դրամի արժևորումը պայմանավորող գործոնները լինեն ոչ պերմանենտ այլ ժամանակավոր, երկիրը կբախվի էական դժվարությունների հետ (օրինակն ունեցել ենք 2008-2009թթ)

- ԿԲ-ն բոլոր հարցերի պատասխանը չի կարող տալ, նա ունի երկու նպատակ և պատասխանատու է դրանց համար՝ ֆինանսական կայունություն և գների կայունություն (իր քաղաքականությամբ մեղմում է տնտեսական ցիկլերը և չի ազդում միտումների վրա)

- Քննարկման հարց է թե թույլ տալ փոխարժեքն արժևորվի և դրանով փակել ՀՆԱ ճեղքը (փաստացի ՀՆԱ և պոտենցիալ ՀՆԱ-ների միջև տարբերություն) և ապահովել հավասարակշռություն, թե կատարել ստերիլիզացիոն քաղաքականություն՝ գնել ավելցուկ դոլարը և միևնույն ժամանակ պարտատոմսեր թողարկելով հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը, որպեսզի գնաճային սպասումները չսնվեն ավելցուկ փողով։

- Ես ավելի շատ հակված եմ երկրորդին, քանի որ դրանով իսկ
ա․ հնարավորություն կլինի մեղմել դրամի արժևորման տեմպերը
բ․ ԿԲ-ն կկուտակի լրացուցիչ պահուստներ և ավելի պատրաստված կլինի սցենարին, եթե թվարկված գործոնները լինեն ժամանակավոր
գ․ Տնտեսության արտահանելի հատվածը, որը տնտեսության ներուժի ողնաշարն է չի հայտնվի նույն վիճակում ինչ 2000-ականների առաջին տասնամյակում»։

Մանրամասները տեսանյութում։

Placeholder
Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը