Պետական ողջ համակարգը լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին. փաստաբան
Իրավունք
14:10 21/06/2022
Հայաստան

Պետական ողջ համակարգը լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է. 

«Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։

2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև քննչական կոմիտեում քննվող քրեական գործն՝ ըստ քննչական ենթակայության  ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։

Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն,  Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից և տեղափոխվում քննչական կոմիտե։

Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։

Պատկերացնում ե՞ք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել»։

Դատարանը մերժել է Արթուր Գալեյանին կալանավորելու միջնորդությունը, Գարիկ Գալեյանն ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

Գարիկ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։ 

 

Placeholder
Պետական ողջ համակարգը լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին. փաստաբան