Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները
Քաղաքական
16:11 02/07/2022
Տարածաշրջան

Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կվարի իր գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ: Նրան կընդունի նաև նախագահ Բաշար ալ-Ասադը։ «Ալ Էխբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը Դամասկոսի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Թեհրանը ձգտում է բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները՝ երկխոսության միջոցով։

«Մենք մեր խնդիրը տեսնում ենք ճգնաժամը կանխելու և խաղաղության, կայունության և անվտանգության ուղղությամբ շարժվելու փորձի մեջ՝ հաղթահարելով Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Ինչպես ընդգծել է Աբդոլլահիանը՝ Թեհրանը ըմբռնումով է վերաբերվում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։

«Սակայն մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը և կփորձենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մայիսին Ասադի՝ Թեհրան կատարած այցից հետո Սիրիայի հետ երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվել։ Նրա խոսքով՝ Իրանը կողմ է առևտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդմանը։

Աբդոլլահիանը դատապարտել է Իսրայելի կողմից «շարունակվող ագրեսիվ հարձակումները, որոնք նպատակ ունեն խարխլել Սիրիայի ինքնիշխանությունն ու միասնությունը»։
 

Placeholder
Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները