Վիրավորվելուց հետո իմ միակ հույսը իմ նորածին աղջիկն է եղել. կամավորական Կամո Կարապետյան
Օրվա թեմա
10:57 04/07/2022
Հայաստան

Վիրավորվելուց հետո իմ միակ հույսը իմ նորածին աղջիկն է եղել. կամավորական Կամո Կարապետյան

44-օրյա պատերազմի մասնակից կամավորական Կամո Կարապետյան 20 տարի գյուղատնտեսությամբ է զբաղվել։ Հիմնականում Աղդամի տարածքում։ Սեպտեմբերի 27-ին հղի կնոջն ու երկու անչափահա տղաներին ճանապարհել է Հայաստան, ինքը գնացել ռազմի դաշտ։

«Հիշում եմ՝ 18 տարեկան տղաները ոնց էին կռվում։ Բոլոր դժվար պայմաններում տղերքը հրամանները կատարում էին, մենք էլ իրենց հետ, ինչով կարողանում էինք, օգնում էինք։  Զարմացել էի՝ տեսնելով տղերքի կռիվը. սոված էին, չէին քնում, 24 ժամ պատրաստ էին կռվելու»,- Հանրային ռադիոյի պատրաստած տեսանյութում ասում է  Կամո Կարապետյանը։

Նա պատմում է, որ հոկտեմբերի 6-ից Նոր Շենից Ֆիզուլի էին տեղափոխվել, հոկտեմբերի 7-ի առավոտյան վիրավորվել է։

«Ճանապարհին ընկերոջս ասում էի՝ թուլացել եմ, կարող է չհասնեմ հիվանդանոց, աղջկաս անունը կդնենք մամայի անունը՝ Ռոզի։ Ընկերս ասաց՝ սուս մնա, կգաս, քո երեխու անունը քո ձեռքով կդնես։ 

Վիրավորվելուց 5 օր անց աղջիկս ծնվել է»,- ասում է Կամո Կարապետյանը։

Մոտ երկու ամիս Զինվորի տանը վերականգնողական բուժում է ստացել, 5 ամիս Ավստրիայում է եղել՝ պրոթեզավորման։ Այնուհետև կապի է դուրս եկել ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ։

«Պատմեցի, թե ինչ վիճակում եմ։ Ասաց՝ եթե կարող ես հասնել մեզ մոտ, ավելի շուտ ոտքի կկանգնես։ Ավստրայից եկա, սայլակով էի,  հենց երկրորդ օրը ստիպեց հրաժարվել դրանից։ Սկսեցի պարապել Սարգիսի մոտ, առաջարկեց զբաղվել սպորտով։ Երրորդ տեղը զբաղեցրեցի։

Սարգիսից շատ բան է կախված։ Ինքն իր կյանքով ցույց տվեց, որ մենք առողջ մարդուց էլ ավելին կարող ենք։ Վիրավորվելուց հետո չէի սպասում, որ կարող եմ սայլակից վեր կենամ, ոտքի կանգնեմ։

Երբ վիրավորվեցի, իմ միակ հույսը, իմ հավատը, որ չհանձնվեմ՝  իմ աղջիկն է եղել։ Երբ ունեցա աղջիկ, հասկացա, որ դա հրաշք է, կյանք է, ու ինքն ինձ կյանք է տալիս այսօր, ես դրանով եմ ապրում»,- ասում է  Կամո Կարապետյանը։

Մանրամասն՝ Հանրային ռադիոյի տեսանյութում։

Placeholder
Վիրավորվելուց հետո իմ միակ հույսը իմ նորածին աղջիկն է եղել. կամավորական Կամո Կարապետյան