Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա պատերազմի շարունակությունն է, այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք. Համլետ Պետրոսյան
Ադրբեջանը շարունակում է իր կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացումը, խեղաթյուրումը, իրեն «վերագրելը»։ Այդքանով չի բավարարվում։ Հասել է Երևան՝ Կոնդ։ Դեռ ավելին՝ ադրբեջանցի «գիտնականները» և հանրության ներկայացուցիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ բողոքելով, թե «իրիվանում» իրենց իբրև մշակույթի ժառանգության «ցեղասպանություն» է։
Panorama.am-ը զրուցել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ՝ ադրբեջանական «անտրամաբանական» քայլերի, հայտարարությունների ու դրան Հայաստանից արձագանքների վերաբերյալ։
Panorama.am- Ադրբեջանի նման քայլերն ո՞ւմ են ուղղված ավելի շատ՝ ներքին լսարանի՞ն, հայերի՞ս, թե՞ միջազգային հանրությանը։
Համլետ Պետրոսյան-Կարծում եմ՝ Ադրբեջանի քաղաքականության հստակ բաղադրիչն է, որով անընդհատ նախահարձակ է լինում։ Կարևոր չէ՝ ճշմարիտ է, թե սուտ, կարևորն այն է, որ իրենք ունեն դիմելու լծակներ և դիմում են, միշտ էլ գտնվելու է ինչ-որ մեկը, որն ասելու է՝ խնդիր կա։
Խնդիրն այն է, որ հստակ պետք է բացատրել պատմական հանգամանքները, խորհրդային քաղաքականությունը և միանշանակ այն, որ Հայաստանի իշխանությունները երբեք հատուկ որևէ նման քաղաքականություն չեն վարել ի տարբերություն Ադրբեջանի, որը պայթեցրել է, քանդել է, ոչնչացրել է, դրան գումարել է նաև կեղծ գիտական հերյուրանքները։
Այստեղ խնդիրն ակտիվության մեջ է։ Երբ Ադրբեջանը, Թուրքիան դնում են գլոբալ նպատակներ՝ ակնկալելով ինչ-որ մի բան շահել։ Իհարկե, որևէ մեկը չի հավատալու այդ ամենին, բայց ինչ-որ տեղեր կհայտնվի մի բան, որ տեսեք, հայերն էլ անհանդուրժող են եղել, ավելին՝ հազիվ թե կարողանան շահել։
Համապատասխան կազմակերպությունների, գիտական հանրույթի խնդիրն է այս ամենը հստակ բացատրել։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադառնում է այդ խնդիրներին։ Մենք քննարկում ենք նաև դրան անդրադառնալ։ Չնայած մենք Արցախի ժառանգության մասին ենք բարձրաձայնում, բայց դա նույնպես տեղավորվում է Արցախի հանդեպ վարած քաղաքականության մեջ որպես կողմնակի մի բաղադրիչ։ Դա նշանակում է, որ նույն ակտիվությամբ մենք էլ պետք է ծավալվենք։
Panorama.am-Նաև Երևանի Կապույտ մզկիթի հետ կապված են ակտիվ հայտարարություններ անում ադրբեջանցիները, պահանջում են «այլևս իրանական չանվանել։ Ինչո՞ւ հենց Կոնդ, ըստ իրենց, ի՞նչն է ադրբեջանական։
Համլետ Պետրոսյան-Այո, Կապույտ մզկիթի հետ կապված արդեն մի քանի անգամ գրել են։ Կոնդում կա պարսկական ժամանակի կամ գուցե 19-րդ դարի մահմեդական կամ իսլամական ինչ-որ կառույց։
Փնտրում են, էլի։ Գիտական խումբ է, ինչ է, նստած փնտրում է նման բաներ, գտնում է նման փաստեր ու չափազանցնելով ներկայացնում այդ ամենը։ Նշանակում է, որ նույն գիտելիքը, հմտությունը, համարձակությունը մենք պետք է ունենանք։
Panorama.am-Պետական քաղաքականությունը պետք է խրախուսի՞ մեր գիտնականներին, որպեսզի իրենք էլ ակտիվություն ցուցաբերեն, թե՞ ցուցաբերում են, ուղղակի իրենց ձայնը չի լսվում։
Համլետ Պետրոսյան-Մեզ մոտ այդ ակտիվությունն ավելի անհատական, խմբակային է, այլ ոչ հիմնականում պետական։ Ադրբեջանի դեպքում չկան անհատներ, խմբեր։ Որ ասում են՝ որոշ գիտնականներ, դատարկ բաներ են, վերևից գալիս է համապատասխան հրահանգը և այդ ամենը արվում է։ Դա կոչվում է պետական քաղաքականություն, ի տարբերություն մեր պատասխանների, որոնք այդքան էլ պետական չեն։
Ես գրում եմ, որովհետև ես եմ որոշում, մեր խումբը գրում է, որովհետև մենք ինքներս ենք որոշել։ Չեմ ասում՝ վատ ընթացք է, բայց լավ ընթացք է խաղաղ ժամանակների համար։ Նման ժամանակներում պետք է, այո, ավելի կազմակերպված լինի որոշակի պետական մակարդակով, ինչպես պատերազմը։ Սա պատերազմի շարունակությունն է։ Այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք։
Միանշանակ, պետական քաղաքականությունը պետք է ակտիվանա այս ուղղությամբ։ Մեկ անգամ չենք ասել։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ շատ պարզ բաներ են, պետք չէ շատ մտքին զոռ տալ։
Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը