Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտական ու ալժիրյան գազը միանում են ադրբեջանականին՝ սնելու ԵՄ-ն
Եգիպտոսը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպա, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա։ Այս մասին հայտարարել է նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը՝ հայտնում է.euronews-ը։
«Ես կանցլեր Շոլցին հավաստիացրել եմ, որ Եգիպտոսը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ էներգետիկ ոլորտում: Դա վերաբերում է ոչ միայն բնական գազի արտահանմանը, այլև ջրածնի և վերականգնվող էներգիային»,- ասել է Եգիպտոսի նախագահը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ «գազի, իսկ ապագայում՝ ջրածնի մատակարարումները հիանալի կերպով ներառվում են Եգիպտոսի հետ երկարաժամկետ տնտեսական հարաբերություններում»։
Օլաֆ Շոլցը և եվրոպական այլ առաջնորդներ այժմ ակտիվորեն փնտրում են այլընտրանքային էներգիայի մատակարարներ: Դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման աճող սպառնալիքով։
Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։

Եվրամիությունը առաջիկա մի քանի տարում կկրկնապատկի Ադրբեջանից գազի մատակարարումները, ինչը անշուշտ կկրկնապատկի ԵՄ՝ առանց այն էլ ակնհայտ երկակի քաղաքականությունը երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հարցում։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այցելել է Ալժիր՝ ի թիվս այլ փաստաթղթերի՝ այդ երկրից գազի ներկրումն ավելացնելու մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Տարեսկզբից Ալժիրը Իտալիա է մատակարարել գրեթե 14 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է մղել ևս 6 միլիարդ խորանարդ մետր գազ։

2021 թվականին Եվրոպա բնական գազի մատակարարումների Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 40%, սակայն Ուկրաինայի պատերազմը, Մոսկվայի կողմից գազի արտահանման կրճատումը կամ ամբողջական դադարեցումը ԵՄ որոշ երկրներ առաջացրել են էներգակիրների գների կտրուկ աճ և մտահոգություններ ԵՄ-ում։