Չարենցի տուն-թանգարանը նվեր կստանա բանաստեղծի՝ անվանի նկարչի հեղինակած դիմանկարը
Օրվա թեմա
10:00 25/07/2022
Հայաստան

Չարենցի տուն-թանգարանը նվեր կստանա բանաստեղծի՝ անվանի նկարչի հեղինակած դիմանկարը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հուլիսի 27-ին նվեր կստանա բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից հայտնում են,որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը, և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կնվիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին ժամը 16։00-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, որը գտնվում է Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կկատարի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի։

Այնուհետև, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ։ Ժամը 17։00-ին Չարենցի տուն-թանգարանում (Հասցե՝ Երևան, Մաշտոցի 17) տեղի կունենա Եղիշե Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը։ Ելույթ կունենան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր։ Պաշտոնական մասին կհաջորդի չարենցյան հյուրասիրություն։

Հրաչյա Ռուխկյանը (1915 - 1992թթ․) ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող: Եղիշե Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ-ին։ 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

 

Placeholder
Չարենցի տուն-թանգարանը նվեր կստանա բանաստեղծի՝ անվանի նկարչի հեղինակած դիմանկարը