Թուրքիայում գանձագողերն ավերում ու կողոպտում  են նախկինում հայաբնակ «խորհրդավոր գյուղ» Աղըլը
Տարածաշրջան
10:50 04/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում գանձագողերն ավերում ու կողոպտում են նախկինում հայաբնակ «խորհրդավոր գյուղ» Աղըլը

Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է:

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, նշվում է, որ հայերն ու հույներն այստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում:

Հույս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժեք իրեր կգտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում և վնասում են տեղացիների շրջանում նաև «խորհրդավոր գյուղ» անվանվող Աղըլի տները: Գանձագողերից բացի գյուղի ավերակները երբեմն հայտնվում են նաև լքված բնակավայրերով հետաքրքրվողների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:

«Համացանցում լքված գյուղերն ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ Սիվասում այսպիսի տեղ կա: Տեսա, որ կենտրոնին էլ (Սիվաս քաղաք) շատ մոտիկ է, Քարայում և Հաջի Ալի գյուղերի միջև ընկած բարձունքի վրա է»,-թուրքական լրատվամիջոցին պատմել է լուսանկարիչ Գյոքհան Քարօղլուն:

Նրա խոսքով,  հայտնի չեն բուն պատճառները, թե ինչու է գյուղը դատարկվել այն դեպքում, երբ հարևան գյուղերը նորմալ բնակեցված են:

«Գանձ որոնողները գյուղն ավերել են: Մեզ հետաքրքրեց, եկել ենք նկարելու: Այս գյուղն ամբողջությամբ անտաշ քարերով է կառուցված, ակնհայտ է, որ շատ հին շինություններ են: Գյուղից փոքրիկ գետակ է սկիզբ առնում, որին սնուցող աղբյուրը գյուղում դեռևս շարունակում է հոսել»,- պատմում է Քարօղլուն:

Վերջինս հույս է հայտնել, որ Սիվասի նահանգապետարանը կգնահատի այս արժեքը և հստողության տակ կառնի։

 

Placeholder