Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի եվրոպական մի շարք երկրներում
Մշակույթ
09:11 04/08/2022
Աշխարհ

Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի եվրոպական մի շարք երկրներում

Շուտով Ֆրանսիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» («Սրբազան Հայաստան») ֆիլմը։ Սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի Գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, նաև Կանադայում։

orer.eu-ն գրում է, որ «Արմենիա Սակրան» լիամետրաժ, 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: Հուշարձանների, եկեղեցիների պատմությունն  մանրամասնորեն ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ 

Ֆիլմի նկարահանումները Հայաստանում և Արցախում կատարվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլատրությամբ։  Արցախում նկարահանված  եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերը այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածնքերում, և փաստորեն, բացառիկ  և վերջին վավերացված կադրերն են։

Ֆիլմը նկարահանվել է ինչպես երկնքից՝ թռչող սարքի օգնությամբ, այնպես էլ ցամաքից: Ֆիլմը նպատակ ունի համայն հայությանը, և նաև օտարազգի հանդիսատեսին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, բնությանը, պատմությանը։

Ֆիլմում բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեր Մահեն։  Ֆիլմը ֆրանսերեն է, շուտով նախատեսվում է այն թարգմանել նաև հայերեն։ Ֆիլմի ռեժիսորը ցանկանում է երրորդ՝ մեծամասշտաբ ծրագրով նոր ֆիլմ նկարահանել, որը կներկայացնի Հայաստանը՝ տարվա չորս եղանակներին։

«Արմենիա Սակրա» ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ ֆիլմը կկրկնի, և  նույնիսկ կգերազանցի առաջին ֆիլմի հաջողությունը։ Սա Նարեկ Ոսկանյանի և Նարե Թադևոսյանի երկրորդ համատեղ համագործակցությունն է։ «Արմենիա Սակրա» ֆիլմը պրոդյուսերը ցանակում է ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք։ 

Placeholder
Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի եվրոպական մի շարք երկրներում