Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում միլիոնավոր մարդիկ մասնակցել են Աշուրայի ամենամյա սգո միջոցառումներին
Միլիոնավոր մարդիկ ողջ Իրանում երկուշաբթի օրը մասնակցել են ամենամյա սգո արարողություններին, որոնք նվիրված են երկրի կարևորագույն կրոնական իրադարձություններից մեկին՝ Աշուրային: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ իրադարձությունների կադրերը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Այս օրերին հավատացյալ իրանցիները հագնում են սև հագուստ, ի նշան վշտի ափերով ծեծում կրծքերն և երգում կրոնական օրհներգեր։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են արարողություններին մասնակցած երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները։
Թեհրանի ողջ տարածքում, ինչպես նաև Իրանի այլ խոշոր քաղաքներում տեղադրվել են հատուկ սև վրաններ, որոնցում ցանկացողներին անվճար թեյ և սնունդ են առաջարկվում։
Աշուրան կրոնական սուգ է յոթերորդ դարում մահացած Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի հիշատակին: Համապատասխան միջոցառումներն անցկացվում են լուսնային մուսուլմանական օրացույցով Մուհարրամ ամսվա առաջին 10 օրերին (այս տարի հուլիսի 30 - օգոստոսի 8ին):