Հայկական աղի արտադրությունը 40.1%-ով նվազել է
Տնտեսություն
10:20 20/08/2022
Հայաստան

Հայկական աղի արտադրությունը 40.1%-ով նվազել է

Հայկական աղի արտադրությունը շարունակում է նվազել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Այսպիսով, ըստ վիճակագրության, Հայաստանում 2022 թվականի հունվար-հունիսին 40.1%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 9 468.5 տոննա:

Նշենք, որ 2021 թ-ի յոթ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 15 794.2 տոննա աղ:

Panorama.am-ը աղի արտադրության շուկայում առկա խնդիրների մասին բազմիցս գրել է։ Ինչպես 2018թ-ին, այնպես էլ երկու ամիս առաջ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Panorama.am-ին հայտնել էր, որ աղի արտադրության և իրացման ծավալների նվազման պատճառը Հայաստան ներկրվող տեխնիկական աղն է, որը հանրապետությունում իրացվում է որպես կերակրի աղ:

Նշենք, որ վերջերս խմբագրություն դիմած քաղաքացիները ահազանգել էին, որ Երևանի խանութներում նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։

Panorama.am-ը նման փաթեթավորմամբ աղի լուսանկարը փոխանցել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որտեղից օրեր առաջ տեղեկացրել էր, թե «աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացնեն»։

Placeholder
Հայկական աղի արտադրությունը 40.1%-ով նվազել է