Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը
Քաղաքական
09:55 22/08/2022
Աշխարհ

Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը և դրա մոտ «ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաջնորդները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի ջանքերին: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում, ներառյալ կայանի մոտ ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի (փորձագետների) այցի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի, «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործընկերների աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության և տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունները զսպելու համատեղ ջանքերի շուրջ»։

Զապորոժիեի ատոմակայանը, որը գտնվում է Էներգոդարում, այժմ ռուսական զորքերի վերահսկողության տակ է։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքում, այդ թվում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և բազմաթիվ հրթիռային կայաններ։ Օգոստոսի 19-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ատոմակայան առաքելություն ուղարկելու համար։

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ասել էր, որ Կիևի գործողությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին տեղի ունեցավ Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում։
 

Placeholder
Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը