Փարիզը նախապատրաստվում է 33-րդ ամառային օլիմպիական խաղերին
Առողջություն
17:50 02/09/2022
Հայաստան

Փարիզը նախապատրաստվում է 33-րդ ամառային օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովի անդամները աշխատանքային այց են կատարել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նրանք ծանոթացել են 33-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին: Մարզահանդեսի մեկնարկին մնացել Է երկու տարի և արդեն կատարած գործերը գոհացնող են:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպիչների համար կարևորվում է խաղերի օպտիմալացումը՝ ներկայիս տնտեսական իրավիճակին համապատասխան: Նրանք  ղեկավարվում են ՄՕԿ-ի  «Օլիմպիական-օրակարգ 2020»-ի առաջարկություններով: Դրանք առանցքային են լինելու  «Փարիզ 2024 »-ի հաջող կայացման գործում:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ միջոցառումն ունի 80% հանրային աջակցություն, քանզի ֆրանսիացիները  խանդավառ են այդ  եզակի նախագծի համար:  Օլիմպիական  ծրագրերի նկատմամբ մեծ է  հետաքրքրությունը և ստեղծված  «Փարիզ- 2024» ակումբն արդեն ունի ավելի քան 800.000 անդամ:

Կազմկոմիտեն հատկապես  կարևորում է դպրոցականներին օրական 30 րոպե ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու խրախուսման  արշավը: Ֆրանսիական դպրոցների մեկ երրորդն արդեն դարձել է այդ  ծրագրի մասնակից։

Մեծ առաջընթաց է գրանցվել նաև կոմերցիոն գործընկերության ռազմավարությունում: Արդեն հաստատված  են 20 տեղական գործընկերներ:

Աշխատանքային խմբի անդամները այցելել են օլիմպիական գյուղ, որը  խաղերի ընթացքում կկարողանա ընդունել մինչև 14250 մարզիկների և թիմերի: Ստուգատեսի ավարտից հետո այն կդառնա  բնակելի տարածք՝ շուրջ  2800  բնակարաններով, ժամանցի, առևտրային, հասարակական և կրթական համալիրներով:

Հանձնաժողովի հաջորդ կանգառը եղել է Սեն-Դենիի ջրային մարզաձևերի կենտրոնը, որտեղ նույնպես նկատելի է առաջընթացը: Այնտեղ խաղերից հետո ոչ միայն լողավազան է լինելու, այլև դառնալու է բազմասպորտային հաստատություն, որը կներառի ֆիթնես կենտրոն, մագլցման պատ, սքեյթպարկ, մարզահրապարակներ։ 

Առաջիկա  շաբաթվա ընթացքում կմեկնարկի հյուրանոցային փաթեթների գործընթացը, իսկ տոմսերի վաճառքին առնչվող  մանրամասները կհրապարակվեն դեկտեմբերին:

«Փարիզ -2024 » օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

 

 

Placeholder
Փարիզը նախապատրաստվում է 33-րդ ամառային օլիմպիական խաղերին