Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին․ Ջ․ Բաղյան
Կրթություն, գիտություն
19:08 09/09/2022
Հայաստան

Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին․ Ջ․ Բաղյան

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկման բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, Starmus VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գ. Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գարիկ Իսրայելյանին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման կայացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը գիտության բնագավառի վերարժևորման և հասարակության ուշադրությունը գիտության կողմը սևեռելու տեսանկյունից։

«Շատերը չէին հավատում, որ «Սթարմուսը» կկայանա Հայաստանում, սակայն Դուք սովորեցրիք հավատալ երազանքների իրականացմանը և դրա համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Անհրաժեշտ է շատ աշխատել, ձգտել լավագույնին, ստեղծել կապեր և սովորել օտար լեզուներ։ Վստահ եմ՝ ցանկացած երազանք հնարավոր է իրականացնել, և այսօր դա ապացուցում են Գարիկ Իսրայելյանը, Ջիմ Բաղյանը և Դեյվիդ Ջոն Էյքրը»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։

Ապա Հ. Հովհաննիսյանը ԵՊՀ շրջանավարտ Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ:

Հաջորդիվ ելույթ է ունեցել հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը՝ հայտնելով, որ առաջին անգամ է եկել Հայաստան և իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում:

«Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին և միշտ ցանկացել եմ լինել այստեղ»,- ասել է Ջ․ Բաղյանը:

«Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ջիմ Բաղյանը ներկայացրեց տիեզերքը՝ պատմելով ներկաներին ամենից շատ հետաքրքրող՝ դեպի տիեզերք թռիչքի, դրա ընթացքում ստացած տպավորությունների և զգացողության մասին։ Տիեզերագնացն անդրադարձավ նաև Երկրից դեպի Մարս ձգվող ճանապարհին արևի ճառագայթահարման վտանգի առկայությանը՝ նշելով.

«Հավանականությունը, որ մարդը տիեզերքից հետ չի վերադառնա կամ վերադառնալուց հետո քաղցկեղ կունենա, 5-10 տոկոս է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել անգամ այդ քիչ տոկոսը, և ես կարծում եմ՝ մարդկությունը դեռևս պատրաստ չէ այդ վախը հաղթահարելուն»:

«Տիեզերանավից հստակ տեսանելի է Երկիրը, երևում է ամեն բան, նույնիսկ ֆուտբոլի դաշտը: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե որքան հետաքրքիր և տպավորիչ է տիեզերանավի պատուհանից ողջ տիեզերքը տեսնելը»,- պատմել է Ջ. Բաղյանը:

 

 

Placeholder
Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին․ Ջ․ Բաղյան