Արդեն զգացվում է աշնանային շունչը.  Ինչպե՞ս ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար
Առողջություն
17:38 09/09/2022

Արդեն զգացվում է աշնանային շունչը. Ինչպե՞ս ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար

Մի քանի օր է, ինչ օդում արդեն թևածում է աշնանային շունչը: Ամռան ավարտն ազդարարող զովությունը ծնողների առաջ կարևոր խնդիր է դնում. ինչ հագցնել երեխաներին, որպեսզի ոչ մրսեն և ոչ էլ շոգեն:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Սիմոնյանն անդրադառնում է արդի թեմային` տալով պատասխաններ ծնողներին հետաքրքրող հարցերին:

Փորձելով պաշտպանել երեխաներին՝ ծնողները հաճախ չափից շատ են հագցնում նրանց՝ մոռանալով երեխաների ջերմակարգավորման առանձնահատկությունների մասին։

.Մանկաբույժը հիշեցնում է, որ մինչև 3 տարեկան երեխայի օրգանիզմն ի վիճակի չէ պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը։ Այդ պատճառով, եթե ձեր երեխան չափից շատ է հագնված, նա կարող է գերտաքանալ, իսկ եթե հագցնել ոչ բավարար, ապա՝ մրսել։ Հետևաբար շատ կարևոր է ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար։

Հատկապես ուշադիր պետք է լինել մինչև 3 ամսական երեխաների դեպքում․ չափազանց շատ հագնված երեխան ավելի հակված է մրսածության, ինչը պայմանավորված է ջերմակարգավորման համակարգի ոչ ճիշտ աշխատանքով։

Մանկական օրգանիզմը սովորում է պայքարել գերտաքացման դեմ, և ջերմաստիճանի ցանկացած իջեցում օրգանիզմի կողմից ընկալվում է որպես սթրես, որի դեպքում օրգանիզմը չի կարող համարժեք արձագանքել։

.Ցուրտ կամ քամոտ եղանակին ծնողը երեխային պետք է հագցնի այնպես, ինչպես ինքն է հագնվում՝ մի քանի շերտ։

.Խորհուրդ է տրվում երեխային հագցնել երեք շերտից ոչ ավելի, հակառակ դեպքում՝ հավելյալ շերտերը կարող են գերտաքացում առաջացնել։
.Օրինակ՝ հագ
ուստի առաջին, ստորին շերտը պետք է կազմի բամբակե արտադրանքը (բոդի, տակդիր)։
.Երկրորդ, միջանկյալ շերտը, որի հիմնական գործառույթը լրացուցիչ տաքացումն է, կարող են կազմել գործած սվիտերները, զուգագուլպաները, վարտիքները:
.Երրորդ, վերին շերտը պաշտպանում է ցրտից․ նորածինների համար օգտագործվում են գործած ծրարներ՝ հիպոալերգեն տաքացուցիչներով։ Ավելի մեծ տարիքում կարելի է օգտագործել նաև տաքացուցիչներով կոմբինեզոններ։

Բժիշկը խորհուրդ է տալիս սկսել բացօթյա զբոսանքները նորածնի կյանքի արդեն յոթերորդ օրվանից։ Սակայն զով եղանակին առաջին զբոսանքի տևողությունը չպետք է գերազանցի հինգ րոպեն։ Ապա աստիճանաբար պետք է ավելացնել ժամանակը։ 1 ամսականում երեխան մաքուր օդին պետք է անցկացնի երկու, իսկ 2-3 ամսականում՝ արդեն երեք ժամ։

.Երեխան հանգիստ է, եթե․
• տաք են ձեռքերը,
• տաք և չոր է մեջքը։

.Երեխան մրսում է, եթե․
• գունատ է դեմքը,
• սառն են ձեռքերը,
• սառն է վիզը։

.Երեխան շոգում է, եթե․
• խոնավ են մազերը,
• տաք են թուշիկները,
• թաց են ձեռքերը,
• թաց է մեջքը։
 

Placeholder
Արդեն զգացվում է աշնանային շունչը. Ինչպե՞ս ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար