Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկը
Մշակույթ
20:11 23/09/2022
Հայաստան

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկը՝ հիմնված 2022թ․ սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը ԳԱԿ-ում գործող «Նինա Խեմչյան. արձագանք» ցուցադրության վրա: 

«Կրթական ծրագրի առանցքում փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի քանդակներն են, որոնք արվեստագետը ստեղծել է` ոգեշնչված Մեսրոպ Մաշտոցի շարականներից:

Այսօր մեզ շրջապատող աղմուկը հաճախ հանդես է գալիս երաժշտության անվան տակ: Իրականում դրանք աղավաղված քաոսային ձայներ են, մինչդեռ հոգևոր երաժշտությունը կարելի է ընկալել լռելով, ունկնդրելով և հոգևոր խորասուզմամբ: Երաժշտության մեջ լռությունը նույնքան էական է, որքան ձայնը: Եթե սովորական զգայարաններով՝ լսողությամբ հնարավոր է լսել ձայնը, ապա լռությունը հարկավոր է ոչ թե լսել, այլ ունկնդրել, թափանցել էության խորքերը, լռել և մտորել։

«Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագրի միջոցով փորձելու ենք նպաստել երաժշտական մշակույթի հիմքերի ձևավորմանը և զարգացնել հոգևոր երաժշտություն ունկնդրելու փորձառությունը:
Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել արվեստագետ Նինա Խեմչյանի ստեղագործությունները և վերջիններիս կապը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած շարականների հետ: 

Ծրագրի ստեղծագործական մասում, ծանոթանալով շարականների բովանդակությանն ու երաժշտությանը, մասնակիցները կփորձեն նկարչության միջոցով արտահայտել հոգևոր երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Ծրագիրը նախատեսված է տաս տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։

Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։       

Placeholder
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկը