Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով
Տնտեսություն
15:07 26/09/2022
Հայաստան

Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով։ Միաժամանակ, օգոստոս ամսվա ՏԱՑ-ը հուլիսի նկատմամբ կազմել է 1.5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  օգոստոսի համեմատ՝ 18.5%:

Ըստ Վիճկոմիտեի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է էլեկտրաէներգիայի ճյուղում։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 16.6%-ով, 2021թ-ի օգոստոսի համեմատ՝ 30.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.7%-ով։

Հունվար-օգոստոսին շինարարության ծավալն աճել է 14.2%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.1%-ով։

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 13.6%-ով: Սպառողական գներն էլ  նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են 8.4%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.2%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 52.9%-ով, իսկ ներմուծումը՝ 58.2%-ով:

Placeholder
Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով