Իրավապահները պետք է բացահայտեն ՀԺ-ի անանուն աղբյուրը, քանի որ թշնամական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ. Մանուկյան
Քաղաքական
11:52 05/10/2022

Իրավապահները պետք է բացահայտեն ՀԺ-ի անանուն աղբյուրը, քանի որ թշնամական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ. Մանուկյան

«Եթե ԱԺ ընդդիմությունը հայտարարել է  քաղաքական բոյկոտի մասին, ԱԺ մեծամասնությունն ուղղակի աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ ԱԺ հերթական քառօրյան տևել է 3,5 ժամ, այսօրվա նիստն ընդամենը 12-13 րոպե։

«Սա վկայում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված ԱԺ-ում։ Եթե վերհիշենք այն քառօրյաները, երբ ընդդիմությունը չի մասնակցել նիստերին, ԱԺ-ում  գրեթե քննարկում չի եղել։ Չի լինում ընդդիմությունը, որևէ քննարկում, նույնիսկ իշխող խմբակցությունը ձևի համար իր մեջ քննարկում չի ծավալում։ Սա ուղղակի այն սնանկության մասին է վկայում, որը կա ԱԺ-ում, ԱԺ-ում առկա ճգնաժամի վառ վկայություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գ.Մանկյանի խոսքով, թեև ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին, հանձնաժողովի նիստերին, մնացյալ բոլոր գործիքակազմերով՝ հարցապնդումներ,  մարզային այցելություններ, միջազգային պատվիրակություններ, միջազգային տարբեր հարթակներում նամակներ, հայտարարություններ,  արտահայտում է իրավիճակի շուրջ անհանգստություններ։

Անդրադառնալով Վեհափառի ու նախագահների հանդիպման ձևաչափին, նա նշեց, որ ողջունելի է նախագահների պատրաստականությունը, նաև Արցախի նախագահների, վկայում է, որ, իրոք, այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվության գիտակցումով են մոտենում հարցին։

«Այստեղ  մեծ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի  հայտարարություններից հետո։  Այդ ձևաչափի նպատակը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն է, այլ՝ իրավիճակից լուծում գտնելը։ Ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի։ Իր հայտարարությունից հստակ չէ, եթե լինի հանդիպում՝ կմասնակցի, թե ոչ։

Այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքում «Հավաստի աղբյուրի» հրապարկմանը, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, նա ընդգծեց, որ պետք է առաջին հերթին այն հետաքրքրի իրավապահներին. «Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, քանի որ Հայաստանում տարածում է ադրբեջանական թեզեր, տեղեկատվություն, հանրությանը մղում է  վախի, անորոշության, անկարողության զգացման։

Իրավապահները պետք է բացահայտեն  անանուն աղբյուրը՝ ով է, քանի որ  իրականում ադրբեջանական, թշնամական, թուրքական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ»։

Placeholder
Իրավապահները պետք է բացահայտեն ՀԺ-ի անանուն աղբյուրը, քանի որ թշնամական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ. Մանուկյան