Ծխում է Հայաստանի բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց 51,5 %-ը, կանանց՝1,8 %-ը. Մարիամ Մնացականյան
Առողջություն
14:38 12/10/2022
Հայաստան

Ծխում է Հայաստանի բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց 51,5 %-ը, կանանց՝1,8 %-ը. Մարիամ Մնացականյան

«Ծխախոտը ռիսկի գործոն է շատ հիվանդությունների համար, որոնք հիմնական մահացության պատճառն են ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում»,-«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրան է:

Տեղեկացնելով, որ ծխելը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց վրա, որոնք Հայաստանում բոլոր մահերի կեսն են կազմում, ինչպես նաև շնչառական խնդիրներ, շաքարային դիաբետ և քաղցկեղ ունեցող անձանց առողջության վրա՝ Մարիամ Մնացականյանն ասաց.  «Մահացության կառուցվածքում չարորակ ուռուցքները կազմում են մահացության բուրգում 14,8 %, շաքարային դիաբետը՝ 1,3%, շնչառական օրգանների հիվանդությունը՝ 8,3 %։ Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի օգտագործմանը, ապա այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտություններն անցկացվել են դեռ 2017թ., ըստ որի՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծխում է բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց՝ 51,5 %-ը, կանանց՝ 1,8 %-ը»:

Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը  ասաց, որ գերատեսչությունն ամեն տարի հետևողականորեն հետազոտություն է իրականացնում։

Նրա տեղեկացմամբ՝ մեկ ամիս առաջ ավարտել են հերթական դաշտային աշխատանքները և մինչև տարեվերջ բոլոր տվյալները կվերլուծվեն և կհամեմատվեն  նախորդ հետազոտությունների հետ։

«Այս անգամ նաև ուսումնասիրվել են արտադրանքի այլ տեսակները՝ ծխախոտները և դրանց փոխարինողները»,-հայտնեց  ինստիտուտի տնօրենը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է նաև ավանդական ծխախոտից տաքացման եղանակով ծխելուն անցնելու դինամիկան և դրա վտանգավոր հետևանքները:
 

Placeholder
Ծխում է Հայաստանի բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց 51,5 %-ը, կանանց՝1,8 %-ը. Մարիամ Մնացականյան