Ցեմենտի շուկայում դեֆիցիտը կարող է լինել արհեստական պատճառներով. Գեղամ Գևորգյան
Տնտեսություն
15:15 20/10/2022
Հայաստան

Ցեմենտի շուկայում դեֆիցիտը կարող է լինել արհեստական պատճառներով. Գեղամ Գևորգյան

«Ինձ զեկուցել են և, անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր արձանագրելը, որ Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ կան», կառավարության նիստում հերթական սուբվենցիաների հատկացման նախագիծը քննարկելու ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ենթադրեց, որ ՀՀ-ում այն ծվալի շինարարություն կա, որ շուկայում արդեն ցեմենտի դեֆիցիտ է առաջացել և տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը որոշում էր  կայացրել ցեմենտի ներկրման տուրքը 14 հազարից իջեցնել 2 հազարի:
Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ օրենքն արդեն ընդունվել և հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել:

«Հույս ունենք, որ սա դեֆիցիտի խնդիրը կլուծի, բայց մենք անընդհատ այդ ազդակները ստանում ենք, որ շուկայում  ցեմենտ ձեռք բերելու խնդիր կա: Այն մի կողմից լավ է, որ շատ մեծ ծավալների շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից լավ չէ, որ դրա պատճառով կարող է շինարարությունը դանդաղել»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ցեմենտի շուկայում դեֆիցիտը կարող է լինել արհեստական պատճառներով ինչը գների բարձրացման պատճառ է դարձել, բայց դեռ վարույթ չի հարուցվել:

«Հարուցեք, բայց այն ընդհանուր գնահատականը չի փոխում, նրանք, որոնք արհեստական ստեղծում են դեֆիցիտ, վաճառքի պրոբլեմ չունեն, ընդհակառակը, ուզում են առիթից օգտվեն ու ավելի մեծ շահույթ ստանան: Իհարկե, գերշահույթ ստանալու ախորժակները պետք է զսպվեն»,-արձագանքեց Փաշինյանը:
 

Placeholder
Ցեմենտի շուկայում դեֆիցիտը կարող է լինել արհեստական պատճառներով. Գեղամ Գևորգյան