Իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած թիրախից. Վահան Քերոբյան
Տնտեսություն
13:29 20/10/2022
Հայաստան

Իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած թիրախից. Վահան Քերոբյան

«Վերջին մի քանի ամիսներին մշակող արդյունաբերության աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 35 %, իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած ՀՆԱ-ի 16.5 %-ին այն հասցնելու թիրախից»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը հենց սահմանին հարկվում է ավելացված արժեքի հարկով, բայց կան ապրանքներ, որոնք չեն հարկվում, իսկ նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:

«Ավելացվում են մի քանի կատեգորիայի գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտների ապրանքներ, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ»,-հայտնեց նախարարը և բացատրեց, որ օրենսդրական փոփոխությամբ  մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ են տալիս սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ այն անեն ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն և կգոյանա ԱԱՀ:

Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք. «Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա:

Քերոբյանը պարզաբանեց, որ որոշումով ընկերություններին ոչ թե ազատում են ավելացված արժեքի հարկից, այլ միայն սահմանին հարկվելուց:

«Այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»,-հայտարարեց Քերոբյանը:
 

Placeholder
Իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած թիրախից. Վահան Քերոբյան