«Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը՝ ՀԱՊ-ում
Մշակույթ
17:56 21/10/2022

«Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը՝ ՀԱՊ-ում

Նոյեմբերի 3-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը:

«Մարտիրոս Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Ներկայացված են գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ինչպես ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար, այնպես էլ Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:

Նկարիչն անդրադարձել է նաև դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը:

Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…

Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ»,- նշված է միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում։ 

Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը, Սեդա Խանջյանը:

Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 3-ից - դեկտեմբերի 18-ը:
 

Placeholder
«Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը՝ ՀԱՊ-ում