Մասնագետ. Քրոնիկ տոնզիլիտի երկարատև ընթացքի դեպքում նշիկները կարող են դառնալ վարակի աղբյուր
Առողջություն
18:45 29/10/2022
Հայաստան

Մասնագետ. Քրոնիկ տոնզիլիտի երկարատև ընթացքի դեպքում նշիկները կարող են դառնալ վարակի աղբյուր

Բնակչության շրջանում հաճախ հանդիպող հիվանդություններից է քրոնիկ տոնզիլիտը:
Նշիկների լիմֆատիկ հյուսվածքը պատնեշ է՝ վիրուսային ու բակտերիալ վարակների թափանցման դեմ դեպի վերին շնչառական ուղիներ:

Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում նշիկները կարող են դառնալ վարակի աղբյուր, որից բակտերիաները և նրանց տոքսինները կարող են տարածվել ամբողջ օրգանիզմում:

Սա կարող է բերել այնպիսի բարդությունների, ինչպիսիք են՝ ռևմատիզմը, ռևմոկարդիտը, պիելոնեֆրիտը, ռևմատիկ պոլիարթրիտը և այլ աուտոիմուն հիվանդություններ:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ Մանանա Բաղդասարյանը նշում է, որ քրոնիկ տոնզիլիտը կարող է ընթանալ պարբերաբար սրացող անգինայի տեսքով:

Ավելի ծանր ձևերի դեպքում հիվանդությունն անցնում է դանդաղընթաց բորբոքային պրոցեսի:
Այդպիսի ընթացքն ավելի վտանգավոր է, քանի որ վարակի աղբյուրից անընդհատ օրգանիզմ են թափանցում բակտերիալ տոքսիններ և այլ վնասակար նյութեր:

 ԼՕՌ մասնագետի խոսքով` բարդությունների զարգացման հավանականությունն այս դեպքում զգալի աճում է: Քրոնիկ տոնզիլիտի դեպքում բուժումն ուղղված է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը և ախտածին միկրոֆլորայով օջախների հեռացմանը:

Կատարվում են քմային նշիկների լակունաների լվացում, դեղերի ներմուծում նշիկներ, թարախային խցանների հեռացում, նշիկների մշակում հականեխիչ նյութերով: Հիվանդության բարդացած ձևերի և պահպանողական բուժման անարդյունավետության դեպքում կատարվում է վիրահատական բուժում:

Ցուցումներն են՝ կրկնվող տոնզիլիտ անամնեզում, որն ունի ծանր ընթացք և սահմանափակում է բուժառուի ընդհանուր աշխատունակությունը, պարատոնզիլյար աբսցես, քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ, նշիկների խոցոտում կամ միակողմանի մեծացում մեծահասակների մոտ հյուսվածաբանական հետազոտության համար, սուր ռևմատիկ տենդ և սուր գլոմերուլոնեֆրիտ, որոնք պայմանավորված են ստրեպտոկոկային տոնզիլիտով, տոնզիլէկտոմիան քչացնում է ռեցիդիվների ռիսկը:

Մասնագետի խոսքով, լազերային տոնզիլեկտոմիան նշագեղձերի հեռացման ամենաարդիական մեթոդներից է:

Այս միջամտությունն ունի մի շարք առավելություններ. վիրահատությունից հետո հյուսվածքների նվազագույն այտուցվածություն, ներքին և հետվիրահատական բարդությունների գրեթե լիակատար բացակայություն, վերականգնման կարճ ժամանակահատված, նվազագույն արյան կորուստ, լավ հեմոստազ:

Placeholder
Մասնագետ. Քրոնիկ տոնզիլիտի երկարատև ընթացքի դեպքում նշիկները կարող են դառնալ վարակի աղբյուր