Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
10:47 02/11/2022
Հայաստան

Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան

«Կուզեի խոսքս սկսել այն արձանագրումով, որ այսօր ՀՀ տնտեսությունը բում է ապրում և տեղյալ եք, որ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%»,-ԱԺ-ում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ տեմպը երկրին տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարվի 2020 թ.-ի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնեն տնտեսական զարգացման տեմպը:

«Զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին՝ արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022 թ. արդյունքներով»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով՝ կոնցեպտուալ առումով իրենց մոտեցումն այն է, որ Կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու տնտեսական խնդիրների հաղթահարումով:

«Այսօր քաղում ենք մեր աշխատանքի պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման, օլիգարխիայի վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելու և համակարգային կոռուպցիայի հաղթահարման մեր քաղաքականության»,-հայտնեց Փաշինյանը և հիշեց, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում 11-րդ տեղն է բարձրացրել:

Գործադիրի ղեկավարը հիշեց, որ երբ վերջին ցուցանիշը հրապարակվել է, իր շատ ընդդիմախոսներ ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում այն պատճառով, որ իրականում շատ երկրների ցուցանիշները քովիդի համավարակի կառավարման վատ պայմաններում  գահավիժել են:

Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել քովիդի համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը և միջավայրը կամ փլուզվել են, կամ գահավիժել: Սա նշանակում է, որ մենք քովիդի համավարակն այնքան լավ ենք կառավարել, որ, ի տարբերություն շատ զարգացած երկրների, մեր արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման կամ կառավարման առումով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Placeholder
Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան