«Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրմամբ «Ես եմ» ծրագիրը կդադարեցվի. Պապիկյան
Քաղաքական
12:00 15/11/2022
Հայաստան

«Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրմամբ «Ես եմ» ծրագիրը կդադարեցվի. Պապիկյան

«Պայմանագրային զինվորական ծառայության  գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային և  սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության  անցման նոր համակարգ, այն է «Պաշտպան հայրենյանց ծրագիրը»,-  Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի զեկուցման ժամանակ հայտարարեց  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Նա ներկայացմամբ, ծրագիրը նախատեսում է  շարքային և  սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց  ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով  պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝  ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի  ժամկետը լրանալու կամ  առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի  ճանաչվելու հիմքով ծառայությունից  ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար  սահմանելով պատվովճար ստանալու իրավունք, չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման, դրական արդյունքների դեպքում նրանց աշխատավարձը հաշվարկվելու է  իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարով։

«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում  պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում  պայմանագրային զինծառայության ժամկետը  չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և  զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- մանրամասնեց պաշտպանության նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի ներդմամբ նախատեսվում է  դադարեցնել ՊՆ կողմից նշված  վայրում և պայմաններով շարքային  կազմի պարտադիր զինվորական  ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայուս ծառայությունը շարունակվում է  2 ծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։ Այդ նպաակով սահմանվում են նաև անցումային դրույթներ։
 

Placeholder
«Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրմամբ «Ես եմ» ծրագիրը կդադարեցվի. Պապիկյան