Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախագահ Դուդան հայտարարել է, թե ստույգ տեղեկություն չունեն՝ ում հրթիռներն են ընկել Լեհաստանի տարածքում
Լեհաստանը հստակ տեղեկություններ չունի, թե ում հրթիռներն են ընկել իր տարածքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հանրապետության Նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք հաստատ գիտենք, որ ամբողջ օրը շարունակվել է ռուսական հրթիռային հարձակումը Ուկրաինայի դեմ, Բայց այս պահին չունենք միանշանակ ապացույցներ, թե ով է արձակել այդ հրթիռը։ Կատարվում են քննչական գործողություններ»,- ասել է Դուդան։
Նշենք՝ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ երեքշաբթի օրը ռուսական արտադրության հրթիռ է ընկել երկրի արևելքում գտնվող Լյուբլինի մարզի Պշևոդուվ գյուղի մոտ՝ Ուկրաինայի սահմանից շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա: Զոհվել է 2 մարդ:
Ըստ աղբյուրի՝ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է ԱԳՆ։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են այն պնդումները, թե Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ռուսաստանից։ «Նախնական տեղեկություններով՝ դա հերքվում է։ Ես չեմ ուզում դա ասել մինչև հետաքննության ամբողջական ավարտը, բայց հետագծի առումով քիչ հավանական է, որ այն գործարկվել է Ռուսաստանից։ Բայց մենք կտեսնենք», - ասել է նա լրագրողներին Բալիում։