Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար
Տնտեսություն
15:10 24/11/2022
Հայաստան

Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար

«Վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ պետք է ՀՀ կառավարությանը տրամադրվի 100 մլն եվրոյի վարկային միջոց, որը կծառայի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նա հայտնեց որ տարվա ընթացքում նման վարկեր պլանավորված են և վերջինս դրանցից մեկն է, որի առաջին մասնաբաժինը նախատեսում են ընթացիկ տարվա վերջում ստանալ:

Խաչատրյանի խոսքով՝ այն կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատվածով:

Նախարարը հայտնեց, որ ընթացիկ տարում առանձնահատուկ լավ համագործակցություն ունեն Ֆրանսիական զարգացման գործակալության հետ և վերջինս նախատեսել է Երևանում գրասենյակ բացել:

Անդրադառնալով պետական պարտքի համամասնության վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 % է:

«Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,-ասաց գործադիրի ղեկավարը:

Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ օրենքով կան կարգավորումներ, որոնք ռիսկային չեն համարում, երբ պարտքը 50 %-ից ցածր է:

«2023 թվականի վերջի դրությամբ, մեր չափավոր կանխատեսումներով, արդեն 49 %-ի չափով պարտք ենք ունենալու»,-ասաց նախարարը և տեղեկացրեց, որ ևս 100 մլն դոլար վարկ էլ կներգրավվում է Ասիական զարգացման բանկից:

Placeholder
Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար