Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանի հարավում բնակվող չղջիկների մոտ գիտնականները մարդկությանը սպառնացող հինգ վիրուս են հայտնաբերել
Յունանի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են հինգ «անհանգստացնող» վիրուսներ, որոնք կարող են տարածվել մարդկանց վրա: «Գազետա ռու»-ն գրում է, որ հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են bioRxiv շտեմարանում:
Բոլոր վիրուսները զոոնոզ են, այսինքն՝ կարող են անցնել մի տեսակից մյուսը: Որպես կանոն, նման պաթոգենները վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Ինչպես նշում են հետազոտողները, վիրուսներից մեկը՝ BtSY2-ը, նմանություններ ունի SARS-CoV-2-ի հետ, ինչը մեծացնում է կենդանուց մարդուն դրա փոխանցման հավանականությունը։
«Մենք հայտնաբերել ենք հինգ տեսակի վիրուսներ, որոնք կարող են պաթոգեն լինել մարդկանց կամ անասունների համար, ներառյալ նոր ռեկոմբինանտ կորոնավիրուսը, որը նման է SARS-CoV-2-ին։ Մեր ուսումնասիրությունն ընդգծում է վիրուսների միջտեսակային փոխանցման տարածվածությունը»,-նշում են գիտնականները։
Հետազոտողները նմուշներ են վերցրել հարավային Չինաստանի Յունան նահանգում գտնվող 15 տեսակի 149 չղջիկների ուղիղ աղիքներից: Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվել է հինգ վիրուսների ԴՆԹ-ի հաջորդականություն պարզել։ Ավելին, գիտնականներին անհանգստացնում է այն փաստը, որ մեկ առանձնյակ կարող է վարակվել միանգամից մի քանի վիրուսով։
Մասնագետների կարծիքով՝ վիրուսի բռնկումների մեծ մասն առաջացել է չղջիկի հետ մարդու կամ ընտանի կենդանու շփման արդյունքում: Գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը՝ ապագա համաճարակները կանխելու համար։