Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել քաղաքացիության վերականգնման մասին օրինագծին
Իրավունք
18:05 15/12/2022
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել քաղաքացիության վերականգնման մասին օրինագծին

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով նախատեսում է մինչև 2024 թվականի վերջ երկարաձգել Վրաստանի քաղաքացիությունը վերականգնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման ժամկետը։ ՏԱՍՍ-ը գրում է , որ խորհրդարանի նիստը հինգշաբթի ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։


Պատգամավորները օրինագիծը միաձայն ընդունեցին՝ 85 ձայնով։


Չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում օրինագծի հեղինակներից մեկը՝ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Սարջվելաձեն ասել է, որ գործող մեխանիզմը, որը թույլ է տալիս դիմել քաղաքացիության վերականգնումը մինչև 2022 թվականի վերջ, ակտիվորեն կիրառվում էր մինչև համաճարակը։ Նրա խոսքով, համաճարակի ժամանակ քաղաքացիների դիմումների թիվը զգալիորեն պակասել է, և խորհրդակցություններից հետո, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի հետ, որոշվել է երկու տարով երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը։


Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի նախկին քաղաքացին, որը կորցրել է հանրապետության քաղաքացիությունը՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը դիմել արդարադատության նախարարություն՝ իր վրացական քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու համար դիմել է ավելի քան 1,9 հազար մարդ, 2019 թվականին՝ ավելի քան 2 հազար ։
 

Placeholder
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել քաղաքացիության վերականգնման մասին օրինագծին