Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան
Քաղաքական
16:52 16/12/2022
Հայաստան

Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան

«Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվ ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին։ Բայց մենք ուզում ենք, որպեսզի համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ  երկրները ևս»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Նա գոհունակությամբ նշեց, որ եղել են շատ լավ  հայտարարություններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։

«Այժմ ուզում ենք, որ այդ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Արցախի դեմ  Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասաց Բաբայանը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձ է անում նաև ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, նույն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, Դ. Բաբայանը ասաց․«Ադրբեջանը եթե մի քայլ անում է, մի շարք  նպատակներ է  հետպանդում։ Իհարկե, երևի փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, որովհետև եթե ճնշում են Արցախը, այդ ցավը չի կարող չտարածվել նաև մայր Հայաստանի վրա, բայց, կարծում եմ, փոխկապակցել մեկը մյուսի հետ, ճիշտ չէ, ընդհանրապես ես չեմ ընդունում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը»։

Բաբայանն ընդգծեց՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկն իրենց համար անքննարկելի է. «Դա անքննարկելի է մեզ համար, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի դրանից, ըստ 2020 թվականի պայմանավորվածության այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, անցման կետ կամ մաքսակետ, այլ՝ բանտ տանելու մի կետ, որովհետև ամեն մեկին բռնելու են։ Չեմ կարծում, որ այստեղ կարող է լինել որևէ հետնահանջ։ Անհնար է։ Այդ մաքսակետը կոպիտ ձևով խախտում է պայմանավորվածության էությանը, պետք է խստիվ հետևել։ Ծանր պայմանագիր է մեզ համար, շատ, սարսափելի, բայց պետք է խստիվ հետևել։ 

Ո՞վ պետք է պարտադրի, եթե  չես ուզում, սկզբունքային ես, շարունակում ես քո պայքարը։ Եթե սկզբունքային ենք ու հայրենասեր, գումարած պրոֆեսիոնալիմզը, որևէ մեկը մեզ որևէ բան չի կարող պարտադրել»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Placeholder
Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան