Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ
Մշակույթ
20:00 24/12/2022
Հայաստան

Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն առաջին անգամ կանցկացվի երկու քաղաքներում՝ Երևանում և Դիլիջանում: Շուրջ 3 օր մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Հայաստանի Կոմպոզիտորների  միությունից հայտնում են, որ ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով: 

Միրզոյանական 10-րդ մրցույթի առաջին փուլում, որը տեղի կունենա Երևանում, Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. Կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:

Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երևանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:

Կազմակերպիչները վստահեցնում են՝ Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 5-ն է: Մրցույթը կկայանա մայիսի 10-14-ը։ 
 

Placeholder
Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ