Պատրաստի մթերքները չի կարելի երկար պահել սառնարանում. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից
Օրվա թեմա
11:00 04/01/2023
Հայաստան

Պատրաստի մթերքները չի կարելի երկար պահել սառնարանում. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանը ներկայացնում է պատրաստի սննդի պահման, կոնկրետ սննդատեսակների և ալկոհոլի չարաշահման խնդիրները, դրա հետևանքով ի հայտ եկող գանգատները:

Որքա՞ն կարելի է պահել արդեն պատրաստի սնունդը  

1. Հնարավորինս շուտ օգտագործեք արդեն պատրաստի սնունդը:                           

2. Սառնարանում պահվող պատրաստի մթերքները ևս երկար պահել չի կարելի, այնտեղ ևս դրանց մեջ կարող են բազմանալ այնպիսի բակտերիաներ ինչպիսին է օրինակ լիստերիան, որը սիրում է երշիկեղեն, պանիր, սնկեր և այլն։        

3. Պահպանեք սառնարանում պահվող մթերքները փակ տարաներում կամ տոպրակների մեջ, այդպիսով կկանխեք բակտերիաների տարածումը մի մթերքից մյուսին։                    

4. Խորհուրդ չի տրվում սնունդը մի քանի անգամ տաքացնել և սառեցնել հաճախ փոխելով ջերմաստիճանը՝ տաք սնունդը պետք է տաք պահել, սառը սնունդը՝ սառը։  

5. Կարևոր է հիշել, որ փչացած սննդամթերքը կարող է տարբերվել իր տեսքով, հոտով կամ համով, սակայն շատ կարևոր է հիշել, որ արտաքինից անփոփոխ սնունդը ևս կարող է մահացու վտանգավոր լինել, օրինակ բոտուլիզմի դեպքում։

Գաստրոէնտերոլոգը նաև ներկայացնում է, թե ամանորին ո՞ր սննդամթերքների չարաշահումն է հաճախ մարսողական գանգատների պատճառ հանդիսանում:

«Պետք է նկատել, որ մեր ռացիոնը միշտ և Ամանորին հատկապես հարուստ է դժվարամարս ուտելիքներով, իսկ տոնական օրերին երբ մսի բազմազան տեսականին՝ աղացած, տապակած, ջեռոցում եփված կամ երշիկեղենի տեսքով, պանրի տեսականին, զանազան աղցանները զուգակցվում են սեղաններից անպակաս գազավորված ըմպելիքներով, դա արդեն իսկապես մարտահրավեր է մեր մարսողական համակարգի համար։ Սրանով է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ այս շրջանում մարսողական որոշ գանգատներ ակտիվանում են»,- նշում է մասնագետը։

Ինչպե՞ս կարելի է «մաքրել» լյարդը հատկապես տոնական օրերին, երբ ալկոհոլ հաճախ են կիրառում

Աննա Հազոյանը նշում է, որ լյարդը մաքրող միջոցներ՝ բույսեր, դեղեր կամ այլ միջոցներ գոյություն չունեն, պետք է ալկոհոլի չարաշահումից խուսափել, հատկապես եթե արդեն կա լյարդի որևէ հիվանդություն։                                                                                

Ալկոհոլը, ունենալով բարձր կալորիականություն սովորաբար արգելակում է ախորժակը և մարդը սկսում է վատ սնվել, ինչն էլ ավելի է բարձրացնում լյարդի վնասման ռիսկը։ Ինչպես ասում են, միայն «խմելը» լյարդի վնասում կարող է առաջացնել, սակայն «ուտել-խմել»-ն էլ կարող է պանկրեատիտ առաջացնել՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։                                         

Այսինքն՝ ոչ սննդով և ոչ էլ որևէ այլ միջոցով մենք չենք կարող կանխել ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները մեր օրգանիզմի համար։

«Տնական» օղին ավելի անվտա՞նգ է, քան խանութում վաճառվողը

Ըստ գաստրոէնտերոլոգ՝ լյարդի ախտահարման ցածր ռիսկային քանակ է համարվում մինչև 20 գ/օր մաքուր էթանոլի ընդունումը տղամարդկանց և մինչև 10գ/օր՝ կանանց համար, այսիքն, եթե դիտարկում են էթանոլով լյարդի ախտահարման փաստը, ապա տնական օղին, օրը միջինում ունի 60% թնդություն ավելի քիչ քանակով արդեն ավելի տոքսիկ է, քան խանությում վաճառվողը։ 

«Սակայն իհարկե չի բացառվում, որ խանությում վաճառվող օղին էլ կարող է պարունակել այլ տոքսիկ նյութեր, հավելումներ, որոնք հավելյալ վտանգ կարող են ներկայացնել։               

Այնպես որ, լավագույն տարբերակը ուղղակի ալկոհոլի չարաշահումից խուսափելն է»,- ընդգծում է նա։

Ի՞նչ անել, եթե առաջացել են մարսողական գանգատներ՝ վքնածություն, լուծ, փորկապություն և այլն

Նախ խուսափեք «մեղավոր» սննդից՝ մի քանի օրվա աղցաններից, գազավորված և կոնսերվացված ուտելիքներից, ալկոհոլից։

Գանգատների պահպանման դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի, քանի որ եթե մի դեպքում դա կարող է լինել մարսման անցողիկ խանգարում, մեկ այլ դեպքում դա կարող է լինել քրոնիկ հիվանդության սրացում կամ նոր դրսևորում։                                        

 

Placeholder
Պատրաստի մթերքները չի կարելի երկար պահել սառնարանում. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից