Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում
Մշակույթ
17:30 19/01/2023
Հայաստան

Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները:
Այս տարի մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ Երևանում և Դիլիջանում:

Մայիսի 12-ից մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտոների ստեղծագործական տանը: Մրցույթի երկրորդ փուլը և գալա համերգը տեղի կունենան Բեթհովենի անվան համերգասրահում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մասնակիցների տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կհոգա նախագծի կազմակերպիչը:

Մրցույթի խորհրդի որոշմամբ՝ նախագիծը կհոգա Արցախի մասնակիցների (նաև Հայաստանում այս պահին ժամանակավորապես բնակություն հաստատած)՝ Դիլիջանում կեցության և սննդի ծախսերը՝ մայիսի 10-ից սկսած:

Արցախի այն շնորհալի երեխաները, որոնք չեն կարողանա առկա ձևաչափով ներկա գտնվել մրցույթին, հնարավորություն կունենան մասնակցելու նախագծին առցանց՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունների տեսագրությունները: 

Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 5 րոպե տևողությամբ) և 1 հայալեզու երգ՝ գրված ձայնի և ցանկացած գործիքի համար՝ մինչև 5 րոպե տևողությամբ:

Ավագ խմբի (14-18 տարեկան)  մասնակիցները պետք է ներկայացնեն 1 մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար (մինչև 10 րոպե տևողությամբ) և 1 անսամբլային ստեղծագործություն՝ 2-ից 4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է: 

Մրցույթի մասնակցության համար վճար չի պահանջվում:
 

Placeholder
Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում