Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին
Իրավունք
20:31 25/01/2023
Տարածաշրջան

Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին։

«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Խաճապուրիձեն նշել է, որ տեսակցությունն արգելու մասին իրեն այլ բացատրություն չեն տվել, միայն հեռախոսվ ասել են, որ տեսակցությունն արգելված է:

Ըստ փաստաբանի՝ Սաակաշվիլիի հիվանադասենյակում նրան ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սարքեր են միացրել, ինչը, փաստացի նշանակում է, որ երրորդ նախագահը վերակենդանցման բաժանմունքում է:

Խաճապուրիձեի խոսքով՝ ինքը դիմելու է հանրային պաշտպանին, որպեսզի հանրային պաշտպանի ներկայացուցիչը այցելելիՍաակաշվիլիին և ուսումնասիրի ստեղծված իրավիճակը։

«Ես իրավաբան եմ և պետք է ամեն ինչին կասկածանքով նայեմ ու ստուգեմ։ Չգիտեմ, թե ինչպես վարակվեց այնպիսի հանգամանքներում, ինչպիսին եղել են նրա հետ մուտքի պայմանները: Շրջապատում ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հասատատվել»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Խաճապուրիձեն երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ըստ որի՝ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Ի դեպ, Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։

Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:

Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է  Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Placeholder
Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին