2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալողների իրացման շրջանառությունը. Քերոբյան
Տնտեսություն
14:45 26/01/2023
Հայաստան

2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալողների իրացման շրջանառությունը. Քերոբյան

«2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների վրա, վերջիններս ընդհուպ մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկներ»,-գործադիրի այսօրվա նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա հայտնեց, որ դրանից հետո էլ Ջերմուկ համայնքը շարունակում է մնալ խնդրահարույց՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալող տնտեսվարողների իրացման շրջանառությունը»,-ասաց նախարարը և հավելեց, որ տնտեսվարողները ստիպված մինչև 2 անգամ իջեցրել են ծառայությունների գները, բայց այն կարող է բերել ծառայությունների որակի անկման:

Վահան Քերոբյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է Վայոց ձորի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 %-ից ավելի, փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի համագումարի 100 %-ը, ինչն էապես կթեթևացնի նրանց կրած վնասները, և թույլ կտա, որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»,-հայտարարեց Վահան Քերոբյանը:
 

Placeholder
2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալողների իրացման շրջանառությունը. Քերոբյան