18.5 մլն եվրո՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար
Տնտեսություն
17:23 27/01/2023
Հայաստան

18.5 մլն եվրո՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար

Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերության միջև հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:

ՊԵԿ-ից մանրամասնում են՝ «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերությունը (Tana Energy Management Company)  հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում:
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:
 
Ըստ աղբյուրի,  Մեղրիի սահմանային անցակետի արդիականացնումն իրականացվում է Եվրամիության և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:

Անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։

Placeholder
18.5 մլն եվրո՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար