Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի
Մշակույթ
15:05 31/01/2023
Աշխարհ

Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գրիգոր հայկական կաթողիկ եկեղեցի (St Gregory Armenian Catholic Church)։ Դերասանի հետ լուսանկարներ են հրապարակել հայ համայնքի ներկայացուցիչները։

Հայտնի երգիչ Էնթոնի Բեզջյանը (Անտուան Բեզջյան) Գիբսոնի հետ լուսանկար է տարածել։
Բեզջյանի հետևորդները գրել են.  «Երանի ես էլ հանդիպեի նրան», «Մելը եկավ մեր եկեղեցի. սուպեր!»։

«Ես այնքան հպարտ եմ, որ հանդիպել եմ այս լեգենդի հետ և հպարտ եմ նրա հավատքով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ և հայ ժողովրդի հետ նրա ունեցած կապով: Շնորհակալություն այսօր մեզ միանալու համար»,- Instagram-ում գրել է Ալինա Սամուելյանը՝ կցելով լուսանկար օսկարակիր դերասանի հետ։

Հիշեցնենք, որ Գիբսոնը 2020 թվականի աշնանը Արցախյան Երրորդ պատերազմի ժամանակ հանդես էր եկել ի պաշտպանություն հայ ժողովրդի։

«Ես շատ հայ ընկերներ ունեմ Միացյալ Նահանգներում։ Նրանք պատմեցին ձեր տառապանքների և կորստի մասին: Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին։ Հայերը մեծ սիրտ ունեն։ Նրանք ստիպված էին դիմակայել բազմաթիվ դժվարություններ, բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- ասել է Գիբսոնը։

Դերասանն ընդգծել էր, որ այս դժվար պահին աղոթում է հայկական հարցի խաղաղ կարգավորման համար։

«Ուժեղ եղեք, իմ ընկերներ, շարունակեք նույն ոգով: Աստված օրհնի ձեզ»,-նշել էր Մել Գիբսոնը։

Placeholder