Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
Քաղաքական
13:30 24/02/2023
ԼՂՀ

Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան

«Մեր հանրային դիսկուրսում բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորշման իրավունքը, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք և կայացել է որպես  պետություն»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամ Վարդան Պողոսյանը՝ ելույթ ունենալով «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ:

Կարևորելով ինքնորոշման մասին խոսելը որպես Արցախի անկախության կարևոր իրավական հիմք՝ Պողոսյանը հորդորեց երբեք չմոռանալ, որ անկախության ձեռքբերման հիմքերից Արցախն արդեն իսկ գոյություն ունի որպես պետություն:

Պողոսյանի խոսքով՝ եթե միջազգային իրավունքում չլիներ «ինքնորոշման իրավունք» եզրույթը, միևնույնն է, պետությունը երբ առաջանում է, այն  պատմական փաստ է, և երկրոդական է, թե այն ինչի հետևանքով է առաջացել:

«Միջազգային իրավունքն ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշներն առկա են թե ոչ: Այդ առումով ես առաջարկում եմ, որ մեր բանաձևը լինի հետևյալը՝ ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունն է անսակարկելի: Արցախն արդեն առնվազն 30 տարուց ավել ժամանակահատվածում անկախ պետություն է՝ անկախ իր ճանաչումից: Անկախ պետություն է, որովհետև, բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին»,-հայտարարեց Վարդան Պողոսյանը

Անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչմանը, նա նշեց որ այն պետությունների քաղաքական այեցողության խնդիր է և հիշեցրեց, որ կա նաև նախադեպ, որ 1993 թվականին Ադրբեջանը ստորագրել է փաստաթուղթ, որտեղ գրված է «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն», հայտնելով, որ այն Հեյդար Ալիևի հանձնարարությունն էր Մեժլիսի ղեկավարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Placeholder
Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան