Թբիլիսիում ուսանողները հրաժարվել  են մասնակցել «ռուսական օրենքին» աջակցող պատգամավորի դասախոսություններին
Կրթություն, գիտություն
19:07 03/03/2023
Տարածաշրջան

Թբիլիսիում ուսանողները հրաժարվել են մասնակցել «ռուսական օրենքին» աջակցող պատգամավորի դասախոսություններին

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները բոյկոտում են և հրաժարվում մասնակցել խորհրդարանի պատգամավոր և դասախոս Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսություններին: Այս մասին գրում է Jnews-ը։

Այսպես են ուսանողներն իրենց վերաբերմունքն արտահայտում «Ժողովրդի ուժ»-ի կողմից խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին: Ի նշան բողոքի՝ ուսանողները ջնջում են դասացուցակներից Սամխարաձեի դասավանդած «ԵՄ արտաքին քաղաքականություն» առարկան:

Սամխարաձեի նախկին ուսանողները և բաց նամակով դիմել են նրան վերանայելու իր որոշումը, իսկ ներկայիս ուսանողները ջնջում են նրա դասավանդած առարկան դասացուցակից, արդյունքում այս կիսամյակում տվյալ առարկան չի դասավանդվի:

«Մեր խորհրդարանում արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է օրենքի մի նախագիծ, որն ուղղակիորեն հակասում է Վրաստանի սահմանադրությանը, ազգային շահերին և խարխլում երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը: Նիստը վարել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ԹՊՀ-ի դասախոս Նիկոլոզ Սամխարաձեն։ Հաշվի առնելով օրինագծի վերաբերյալ նրա աջակցող դիրքորոշումը՝ մեզ համար անընդունելի է մասնակցել նրա դասախոսությանը:

Ուստի մենք՝ Թբիլիսիի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներս, հրաժարվում ենք մասնակցել նրա դասախոսություններին և միանում ենք նույն բաժնի շրջանավարտների քննադատական ​​դիրքորոշմանը»,- ասված է ուսանողների տարածած հայտարարության մեջ։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները կոչ են անում նաև բոլոր համալսարանականներին միանալ իրենց՝ արևմտյան արժեքների համար պայքարին և թույլ չտալ, որ կառավարությունն ռուսական ուղեծիր ընտրի:

Իոանե Մախարաձեն ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժնի 3-րդ կուրսում է սովորում: Նա միացել է բոյկոտին, և կարծում է, որ այս օրենքի ընդունումը կխոչընդոտի Վրաստանին եվրատլանտյան կառույցներին միանալու գործընթացներին, որը ձեռնտու է միայն Ռուսաստանին:

«Սամխարաձեի մոտ երկրորդ կուրսում եմ անցել «Եվրոպագիտություն»: Այս տարի ևս ընտրել էի «ԵՄ արտաքին քաղաքականություն առարկան», բայց հրաժարվեցի, չնայած նրա հանդեպ իմ անձնական հարգանքին: Կարծում եմ, որ այն ինչ նա է անում ուղղակիորեն հակասում է Վրաստանի եվրատլանտյան կառույցներին միանալու գործընթացներին, հատկապես կարգավիճակ ստանալու գործընթացից առաջ: Վստահ եմ, որ երիտասարդների ձայնը շատ կարևոր է հատկապես այս և այլ քաղաքական հարցերում»,-ասել է ուսանող Մախարաձեն:

Վերջինս նշում է, որ Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսությունները և նրա այսօրվա քայլերը բացարձակապես չեն համապատասխանում իրար:

«Այս կանոնի ընդունումը մեր երկրի համար կնշանակի միջազգային իմիջի վատացում, արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների վատթարացում, դեմոկրատական ինդեքսի ցածրացում և հիբրիդային դեմոկրատական ռեժիմից լրիվությամբ ավտոկրատական ռեժիմի վերափոխում: Այն երիտասարդները, ովքեր ասում են, որ քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում, ապա կասեմ հետևյալը՝ այս պահին քաղաքականությունն այն ոլորտն է, որն ազդում է բացառապես բոլորիս կյանքի վրա», – ասել է Իոանե Մախարաձեն:

Իր համակուրսեցու հետ համակարծիք է նաև Ռիփսիմե Փանչոյանը, ով նույնպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի է: Նա նույնպես հրաժարվել է «ԵՄ արտաքին քաղաքականություն» առարկայից: Համարում է, որ այս քայլով Նիկոլոզ Սամխարաձեն ցույց է տալիս, որ ինչի մասին խոսել և սովորեցրել է դասախոսությունների ժամանակ ամբողջությամբ կեղծ է եղել, և ամբողջությամբ հակասում է այսօրվա արած քայլերին:

«Օրինագիծը, որին կողմ է նաև մեր դասախոսը սահմանափակում է ազատ խոսքի իրավունքը: Իմ կարծիքով նա խելացի ու պրոֆեսիոնալ դասախոս է, իր գործի գիտակը, բայց պարզվում է, որ նա դասախոսությունների ժամանակ իր իրական կարծիքը չի արտահայտել, երբ քննարկել ենք ազատ մեդիայի, ազատ խոսքի և եվրոինտեգրման պրոցեսների մասին», – ասել է Ռիփսիմեն:

Որպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանող Ռիփսիմեն այս օրինագիծը երկրի համար ինքնասպանություն է համարում: Եվ այսքան տարվա քայլերը գոնե կարգավիճակ ստանալու համար՝ «ջուրը կընկնեն»:

 

Placeholder
Թբիլիսիում ուսանողները հրաժարվել են մասնակցել «ռուսական օրենքին» աջակցող պատգամավորի դասախոսություններին