Խոզի մսի գնի անկման ոդիսականը գնաճի ֆոնին
Տնտեսություն
16:50 03/03/2023
Հայաստան

Խոզի մսի գնի անկման ոդիսականը գնաճի ֆոնին

Հունվար և փետրվար ամիսներին առևտրի կետերում նկատելի է խոզի մսի գների էական անկում, այն դեպքում, երբ մսի մյուս տեսակների գները գնաճին համահունչ բարձրացել են:

Մարտի 3-ին Վիճակագրական կոմիտեի(ՎԿ) հրապարակած 2023 թվականի հունվար-փետրվարի սպառողական գների ինդեքսի տվյալներից պարզվում է, որ թռչնամսի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 2.5%-ով, տավարի մսինը՝ 21.2%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ`վերջիններս համապատասխանաբար աճել են 1.4% և 0.5%-ով: Գառան միսը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 5.2%:

Ի տարբերություն վերնշյալ մսամթերքների՝ ըստ ՎԿ-ի, և խոզի մսի գինը նախորդ տարվա փետրվարի համամատ անկել է  5.9%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ` 5.3%-ով: Ստացվում է, որ Ամանորի տոներից հետո խոզի մսի գինը 5.3%-ով նվազել է:

Կարծիք կա, թե դրա պատճառն այն է, որ որոշ միջին և խոշոր ֆերմաներ սովորականից շատ մորթ են կազմակերպել և շուկայում խոզի մսի առաջարկն ավելացել է, ինչն էլ բերել է գնի անկման: Մորթի պատճառը կարող է լինել հիվանդությունը կամ էլ կերի և պահելու պայմանների թանկացումը:

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ որևէ տեղեկություն խոզերի հիվանդությունների մասին չկա, անկումներ չեն գրանցվել, նաև ահազանգ կամ տեղեկություն այդպիսի դեպքերի մասին չեն ստացվել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող»,-ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ դիտարկվող հարցը պետության համար ունի ռազմավարական նշանակություն:

«Մեր տեսած գների տատանումը պետք է դիտարկենք նաև Ամանորի ֆոնին՝ դրանից հետո արձանագրված առաջարկ-պահանջարկը հաշվի առնելով: Նաև մի քանի այլ վերլուծություններ պետք է անենք, քանի որ այն պակաս կարևոր գործոն չէ: Ավելին մենք նկատել ենք, որ պաղեցված խոզի մսի մեծ ներմուծում ունենք երկիր: Ոչ թե սառեցված մսի, այլ՝ պաղեցված, որպես թարմ միս: Այն կարող էր գալ դրսից և ապահովեր մրցակցային ֆոն տեղական խոզի մսի հետ:

Այստեղ արագ վերլուծություններ անելը կարծում եմ սխալ է, բայց փաստենք մի բան, պետության կողմից վերլուծություններ չկան, կառույցների արձագանքներ չկան և կարծես այս խնդիրը, որի մասին խոսում ենք, ավելի շատ հանրային հետաքրքրության տիրույթում է, քան այն մարդկանց, ում տիրույթում պետք է լիներ»:

Պիպոյանի խոսքով՝ խոզի մսի պահանջարկը պիկին է հասել դեկտեմբերին, որից հետո այն կտրուկ ընկել է և չի բացառվում, որ որոշ ֆերմերներ տաքացման, կերի վրա լրացուցիչ ծախսեր չանելու համար մորթում են իրենց մոտ մնացած գլխաքանակը:

«Խոզի մսի գինը մսերի շուկայում ամենաշատ տատանվողն է: Եթե տավարի միսը 5 տարվա ընթացքում մի քանի անգամ է տատանում տալիս, մնացած դեպքում սիմետրիկ աճում է գների ինդեքսի հետ, գառան մսի գնի տատանումն էլ քիչ է՝ հիմնականում Իրան կամ արաբական երկրներ արատահանումը կարող է մի քիչ ավելանա և գնի տատանում տա, ապա խոզի մսի գինն ավելի շատն է տատանվում:

Կրկնում եմ, որ դրա պատճառը կարող է լինել նաև շուկայում սառեցված մսի առկայությունը, երբ թարմ և բավականին մատչելի մսի մեծ առաջարկ կա:

Մյուս կողմից էլ, ես վստահ չեմ, որ Վիճակագրական կոմիտեն այս առանձնահատկությունը հաշվի է առել, որովհետև շատ դեպքերում այդ պաղեցված միսը տեղականի տակ է վաճառվում»,-ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող»,-ՀԿ-ի նախագահը:

Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը:
 

Placeholder
Խոզի մսի գնի անկման ոդիսականը գնաճի ֆոնին